вторник, 30 августа 2011 г.

Գլոսալիան նոր երևույթ չէ ո՛չ Հայաստանում

0849Գլոսալիան նոր երևույթ չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում
Վերջերս ԶԼՄ-ներում աղմուկ էր բարձրացվել Գյումրիի բողոքական եկեղեցիներից մեկի արարողությունների մասին պատմող տեսահոլովակի առիթով: Տեսահոլովակում մասնակիցները կրոնական արարողուության ազդեցության տակ վայր էին ընկնում: Տեսահոլովակում ներկայացված էր «Մեծ շնորհ» Ավետարանական-Մկրտական եկեղեցու արարողություններից մեկը: Ներկայացնում ենք եկեղեցու հովիվ Վահան Պողոսյանի հարցազրույցը:
- Մի քանի բառով կներկայացնե՞ք ձեր եկեղեցին:
- Մենք ապաշխարել և հատատվել ենք Ավետարանական-մկրտական եկեղեցում:
Մկրտական ճեմարանում կրթություն ստանալուց հետո մենք ձեռնադրվել ենք որպես Մկրտական եկեղեցու հովիվներ: Ինչպես գիտեք, Մկրտականները չեն ընդունում
լեզվախոսությունը և ավետարանական դասական վարդապետության հետևորդ են: Մի անգամ «Գործք առաքելոց» գրքի շուրջ զրուցելիս` եկանք այն համոզման, որ եթե լեզվախոսությունը (գլոսալիան) Աստծո կամքով է, ապա պետք է ընդունել այն: Հենց այդ սեղանի շուրջ ունեցանք Սուրբ Հոգու հզոր այցելություն ու սկսեցինք աղոթել օտար լեզվով: Մոտ մեկ շաբաթ չէի կողմնորոշվում` ինչ է իմ հետ կատարվում, սակայն փաստը մնաց փաստ. ես սկսեցի տարբեր լեզուներով աղոթել: Ինձնից լրիվ անկախ` մոտավորապես նույն բանը կրկնվեց եղբորս մոտ: Այդ ժամանակ մեր եկեղեցին բավականին մեծ ցնցում ապրեց, որովհետև նա չէր ընդունում նման երևույթները, և հանկարծ նրա մի քանի հովիվ սկսեցին լեզուներով աղոթել: Մեզ ոչ ոք այս ամենը չի սովորեցրել: Ծառայության ժամանակ մի երիտասարդ խնդրեց ինձ աղոթել իր համար, մենք աղոթում էինք Սուրբ Հոգու այցելության համար և աղոթքի ժամանակ վայր ընկավ: Ես նման բան չէի տեսել: Երբ մենք սկսեցինք հետաքրքրվել այդ երևույթով, տեսանք, որ այն մյուսների մոտ էլ է հանդիպում: Այդ պատճառով ժողովներից մեկի ժամանակ մենք հայտարարեցինք բաժանվելու մասին, որովհետև հնարավոր չէ ծառայել մի եկեղեցում, որտեղ 3 հովիվն էլ տարբեր կարծիքներ ունեն: Մնացինք լավ բարեկամական հարաբերությունների մեջ, սակայն մեր եկեղեցին սկսեց գործել որպես առանձին համայնք:
- Լեզվախոսությունը բավականաչափ տարածված կրոնական պրակտիկա է: Ինչո՞ւ թիրախ ընտրվեց հատկապես ձեր եկեղեցին:
- Դա պարզապես հարմար առիթ էր իրենց համար: Նրանք միշտ արտասահահմանյան կադրեր էին ներկայացնում հեռուստաեթերում, բայց հիմա հանկարծ գտան Հայաստանից նյութ, և խաչակրաց արշավանքը նոր թափ ստացավ: Գլոսալիան նոր երևույթ չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում: Ես նույնիսկ կասեմ, որ ընդհանրապես եկեղեցու կյանքում սա նոր երևույթ չէ: Լեզվախոսությունը սկսվել է Պենտեկոստեի (Հոգեգալստյան) օրվանից: Գործք առաքելոցում, երբ Սուրբ Հոգին պաշտոնապես Պենտեկոստեի օրն իջնում է, նշվում է, որ առաքյալները դուրս եկան ու սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Մի բան ակնհայտ է. գլոսալիայի հարցը վաղուց ի վեր լուծված և պարզաբանված է: Այս երևույթն ամբողջ աշխարհում գոյություն ունի և ոչ միայն ավետարանականների, բողոքականների մոտ: Այն հանդիպում է նաև կաթոլիկների և ուղղափառների մոտ: Համացանցում գտեք ղպտի քահանաների ծառայությունը, երբ նրանք դևեր են հանում հիվանդների մեջից: Նույնիսկ առաքելական եկեղեցում այս ամենը նորություն չէ: Բայց խնդիրն այն է, որ մարդիկ փորձում են պայքարել երևույթի՛ դեմ: Դա պայքար է հողմաղացների դեմ: Սուրբ Գրքում գրված է` Երբ Տիրոջ փառքը հայտնվում է, տեղի են ունենում տարբեր դրսևորումներ. դիվահարը ազատագրվում է, հիվանդը բժշկվում է: Դրսևորւմները մեր ձեռքին չեն: Օրինակ` Հայ առաքելական կամ որևէ այլ եկեղեցում մարդիկ գնում են մոմ վառելու կամ աղոթելու: Հիմա աղոթքի ժամանակ մեկը սկսում է լաց լինել: Դուք կարո՞ղ եք մեղադրել այդ եկեղեցուն, թե ինչու այդ մարդը լաց եղավ:
- Որքան հայտնի է, արտագաղթը Շիրակի մարզում տագնապալի չափերի է հասնում: Ձեր համայնքին այն ինչքանո՞վ է առնչվում: Արտագաղթի մակարդակը մե՞ծ է:
- Մեր համայնքից մի քանի ընտանիք մեկնեց Ռուսաստան` մշտական բնակության: Մարդիկ այստեղ չեն կարողանում գտնել իրենց շատ հարցերի պատասխանը: Նրանք ցանկանում են օրվա հացի հարցը լուծել, երեխաների կրթությունն ապահովել, իրենց պաշտպանված զգալ, իսկ այդ ապահովության զգացումն այս երկրում բացակայում է:
- Եվս մի խնդիր սերտորեն առնչվում է արտագաղթին. ծնելիության մակարդակը: Այս հարցում ևս Շիրակի մարզն առանձնահատուկ ցուցանիշներով աչքի չի ընկնում: Ձեր համայնքի ցուցանիշներն ինչ-որ կերպ տարբերվում են մարզային միջին վիճակագրական տվյալներից:
- Ոչ: Բացառություն են կազմում միայն աբորտի հետ կապված դեպքերը, որովհետև մենք` իբրև քրիստոնյաներ, դեմ ենք աբորտներին: Կասեմ նաև որ բազում են այն դեպքերը, երբ մարդիկ հրաշքով բժշկվում և երեխա են ունենում:
- Իսկ ընդհանրապես ի՞նչ սոցիալական գործունեություն եք դուք ծավալում: Բացի հոգևոր արարողություններից դուք այլ կերպ ինչպե՞ս եք ներկայացված ձեր համայնքի կյանքում:
- Ընդհանրապես դրսից ֆինանսական օգնություն չստացող փոքր համայնքների համար սոցիալական ծառայություններ մատուցելը շատ դժվար է, բայց եղածի մասշտաբով էլ փորձում ենք օգտակար լինել: Եվ հետո, սոցիալական ծառայությունը պետք է լինեի յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունը: Պետք չէ սպասել հովանավորներին. եթե հնարավոր է սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդուն ոտքի կանգնեցնել, չի կարելի ուշացնել դա: Իսկ համայնքային կյանքում մենք միշտ ներգրավված ենք. փոքր համայնքի պարագայում, ինչպիսին մերն է, դա սովորական առօրյա է: Դա ոչ միայն հոգևոր հովվի պարտականությունն է, այլ շատ ավելին:
- Կան արդյո՞ք ոչ կրոնական խնդիրներ, որոնք քննարկվում են հոտի ներսում:
- Օրինակ, թմրամոլության խնդիրը: Կամ` անհայրության խնդիրը, որ 90-ականներին ծնված երեխաների մեծամասնությունն անհայր են մեծանում: Սա լուրջ խնդիր է:
- Ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք այդ ուղղությամբ:
- Երբ բաժանված ընտանիքը միանում է, քո ջանքերով, սա քայլ է: Երբ ծառայության ժամանակ ձեռք ես մեկնում, որ ինչ-որ մեկը թմրադեղերից կամ խմիչէից ազատվի, սա քայլ է: Ես չեմ կարող այսօր ձեռք մեկնել հարյուր հոգու, բայց կարող եմ օգնել մեկին և դա անում եմ: Երբ օգնում ես, որ երեխան ների և ընդունի իր հորը, դա ևս քայլ է: Ես նույնիսկ կարող եմ դեպքեր ասել, երբ ծնողները երկար տարիներ միմյանց հետ կապ չունեին, բայց եկեղեցի գալով և աղոթելով նրանք միացան: Ու դա միայն մեր եկեղեցում տեղի չի ունենում. նման բաներ կատարվում են բոլոր քրիստոնեական համայնքներում:
- Մտավախություն ունե՞ք, որ ձեր հանդեպ քայլերը կարող են շարունակվել:
- Ի՞նչ պետք է անեն ինձ: Ֆիզիկական հաշվեհարդա՞ր պետք է տեսնեն. դրանից չենք վախենում: Քրիստոնյաները միշտ էլ հալածվել են, ուղղակի ցավն այն է, որ հիմա հալածվում ենք հենց քրիստոնյաների կողմից: Շենքե՞րը պետք է ձեռքից վերցնեն. չունենք շենքեր: Գրանցումի՞ց պետք է զրկեն. չունենք գրանցում: Տո՞ւնս ձեռքիցս պետք է վերցնեն. չունեմ տուն, վարձով եմ մնում: Ի՞նչ պետք է անեն ինձ:
Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը www.religions.am

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.