вторник, 30 августа 2011 г.

Կրկին հնչեցնենք օրհներգը սիրո


Կրկին հնչեցնենք օրհներգը սիրո



Վերապատվելի դ-ր Սամվել Նավոյան, Հայաստանի Ամբողջաավետարանական քրիստոնյաների
եկեղեցու ավագ հովիվ
Անցած ամիսներին հասարակական կյանքում մենք բախվեցինք կրոնական անհանդուրժողականության նոր դրսևորումների հետ:
Սույն հոդվածում կփորձեմ համառոտ անդրադառնալ դրանց, խոսել խղճի և կրոնական ազատությունների վերաբերյալ նախագծերի նոր փաթեթի ան­հետևողա­կանու­թյան մասին և հանդես գալ հիմնախնդրի լուծման առաջարկներով:
Ա. Կրոնական անհանդուրժողականության նոր դրսևորումները.
1. Զանգվածային լրատվամիջոցներում.
ա. «Հայկական աշխարհ»-ը` հակահայկակա՞ն…
«Շանթ» հեռուստաընկերությունը Հայ Առաքելական եկեղեցուց բացի մյուս կրոնական կազմակերպություններին բազմիցս աղանդ է անվանում:
1) Նրա կողմից հեռարձակվող «Հայկական աշ­խարհ» ծրագրի որոշ փորձագետներ աղանդը հայտարարում են ռեգիոնալ հասկացո­ղություն և հանրապետու­թյունում «աղանդավորների» թիվը հասցնում 360 հազարի, որի մեջ, դատելով ըստ այլ հրապարակումների, մտնում են նաև հայ կաթոլիկները և ավետարանականները.
2) Հիշյալ հաղորդումներում պարբերաբար հյուրընկալվող հասարա­կական մի գործիչ ահաբեկում է հեռուստադիտողներին, թե արտերկրում ոստիկա­նության կողմից կիրառվող ձայնային զենքը «աղանդավորների» արսենալում է հայտնվելու, փորձում է ինքնասպանությունները ներկայացնել` ըստ կրոնական պատկանելու­թյան…
3) Հեռուստատեսությունը հաճախ խեղաթյուրված տեղեկատվություն է մատու­ցում հասարա­կությանը` իր կողմից «աղանդավոր» պիտակավորված քրիստոնյա­ների հանդեպ հակակրանք առաջացնելու նպատակով:
Այսպես, անցյալ տարվա վերջին Եհովայի վկային անպատասխանատու կերպով վերագրվող Սևանի սպանության դեպքի հեռարձակումից հետո «Շանթ»-ի լրագրող­ները ցուցա­դրում են Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու անդամների սեփականության տա­րած­քում իրենց չհամաձայնեցված նկարահա­նու­մը` հայտա­րարելով, թե ահա որտեղ են աճեցվում «մարդասպան աղանդավորները»…
բ. Նոր աղանդագիտարա՞ն.
Հարկատուների շնորհիվ գործող Հանրային հեռուստա­տե­սության եթերով ս.թ. ապրիլի 29-ին հեռարձակվում է «Աղանդագիտարան» թո­ղար­կումը, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու «կրոնական դոկտրինները» «որևէ կե­տով կամ դրույթով մերժող» «քրիստոնեության տարբեր ուսմունքներ դավանող­ները» հայտարարվում են աղանդա­վորներ: Այնուհետև կոչ է արվում պայքարել նրանց դեմ…
գ. Մարմաջ` հավատաքննության խարույկների.
Որոշ լրագրողներ էլ տառացիորեն տառապում են հավատաքննության խարույկ­ների կարոտաբաղձությամբ.
1) Օրինակ, նրանցից մեկն այսպես կոչված «աղանդավորա­կան» կառույցների առաջին դեմքերի հետ մի խորհրդակցության մասնակցելով, ցանկացել է հաշվե­հարդար տեսնել «մի կանիստր բենզինի» բռնկումով…
2) Գորիս քաղա­քում տեղի ունեցած «հակաաղանդավորական» երթը, որը ցուցադրվել է «Արմենիա» հեռուստա­տեսու­թյան սույն թվի ապրիլի 29-ի լրատվության ժամանակ, եզրա­փակվում է խորհրդա­նշա­նական խարույկի կրակների մեջ «ավետա­րան­չականներ» և «մորմոններ» անվանումների այրումով` հեռուստադիտողներին նախա­պատ­­րաս­­տելով հավատաքննու­թյան խարույկների բռնկմանը այլ բնակա­վայրերում:
Երթն օրհնող արժանապատիվ հայրը գուցե աչքի տակ ունի ժամանակակից Ջորդանո Բրունոների և Յան Հուսերի` մոռանալով, որ Հայոց աշխարհում նման դեպքեր չեն արձանագրվել անգամ միջնադարում…
3) Այսպիսով, կրոնական կազմակերպություններից ստեղծվում է թշնամու կերպար, մինչդեռ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով արգելվում է հեռուuտա­ռադիոհաղորդում­ներն oգտագործել կրոնական թշնամանք կամ երկպառակու­թյուններ uերմա­նելու նպատակով, իսկ Քրեական օրենսգրքի 226 հոդվածում կրոնական թշնամանքի հարուցման համար քրեական պատիժ է նախատեսվում:
Այս ամենը հակասում է նաև Հանրապետության Սահմանադրությանը (հոդված 26-ին` կրոնը և համոզմունքները դավանելու ազատության մասին, հոդված 8.1-ին` կրոնական կազմակերպությունների` օրենքով սահմանված կարգով գործունեության ազատության մասին, հոդված 14.1-ին` կրոնական խտրականության արգելման մասին), ինչպես նաև հանրապետության ստանձնած համապատասխան միջազգային պարտավորություններին (Մարդու իրավունքների հիմնարար ազատություն­ների պաշտպանության մասին դաշնագրի հոդված 9-ին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի հոդված 18-ին և այլն):
2. Կրոնական անհանդուրժողականության բորբոքումը հասարակության մեջ.
ա. Պառակտման տանող գործողություններ.
1) Հ1-ի վերոհիշյալ «Աղանդագիտարանում» «Մեկ ազգ» դաշինքի համանա­խա­գահ Գոռ Թամազյանը հաս­տատում է իր գործունեության սահմանադրականությունը, և նրա ներկայա­ցու­ցիչնե­րը բաժանում են հայտնի թռուցիկները: Դրանցում այսօր էլ սատանիստների կողքին նշվում են նաև Ավետա­րանական ընտանիքի հավատացյալ­ները, այն էլ` ներկայացվելով կրո­նա­գիտորեն ոչ գրագետ ձևակերպումով («ավետա­րան­չա­կաններ, հիսու­նա­կան­նե­ր, կյան­քի խոսք, հոգեգալստա­կան­ներ, բողոքա­կան­ներ»): Թռուցիկ­ներն ավարտ­վում են մաս­նա­վորապես հիշյալ «աղանդ­ների» հակաազ­գային, քայքայիչ գործունեության դեմ ուղղված «համաժողովրդական պայքարի» կոչով:
Գոռ Թամազյանի հիշյալ գործունեությունը ունի իր «հիմքերը»:
Եսայի քահանա Արթենյանը դեռևս 2009թ. սեպտեմբերի 8-ին «Առավոտ» թերթի լրագրող Գոհար Հակոբյանին տրված հարցազրույցում («Մարդասպան աղանդներն ակտիվացել են») սկսում է խոսել սատանապաշտների մարդասպանության մասին և հասնում մինչև «աղանդավոր» ավետարանականներին:
Իսկ Վանաձորի հեռուստատեսությամբ Վահան քահանան «սատանայանման» և «սատանայակերպ» է պիտակում Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությունը:
Անցյալ տարի «Շանթ»-ի եթերով հանդես եկած Տիրայր քահանա Սահրադյանը «աղանդավորներին» համարում է «ապազգային կուսակցու­թյուներ` թաքնված կրոնի անվան տակ», իսկ «Հովհաննես Կոզեռն» կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն Շմավոն քահանա Ղևոնդյանը «Հ2» հեռուստատեսությամբ Շավարշ Գևորգյանի հարցերին պատաս­խանելիս նրանց հայտարարում է «հետախույզներ»: Ըստ վերջինիս` Հայ Առաքե­լական եկեղեցուց դուրս գտնվող բոլոր «աղանդավորների» ողջ սոցիալական գործունեությունը (ճամբարների, համերգների, այլ միջոցառումների կազմակերպում) վերաբերում է «հոգեորսությանը», «խայծեր դնելուն» ու «շուլերությանը»:
Ցավոք, այս ամենը մեզ` ավագ սերնդի ներկայացուցիչներիս, հիշեցնում է աթեիզմի «նշանավոր» դասախոս Արա Սվասյանին, ով իր ժամանակին տուրք տալով` բոլոր հավա­տացյալ­ներին, ներառյալ նաև հայ առաքելականներին, դասում էր երկու խմբի` խաբեբաների և խաբված խաբեբաների:
2) Սույն թվի մայիսի 27-ին ՀՀ Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված երիտա­սարդական մի կազմակերպության բաց նամակում Ավետարանական հա­վատ­քի քրիս­տոնյա­ների «Կյանքի խոսք» եկեղեցին հեշտությամբ հայտարար­վում է «աղանդա­վորա­կան քայքայիչ կազմա­կերպություն», և նրան գոյություն չունեցած «հարձակումներ» են վերագրվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
բ. Առաջին ատյանի դատարանի տկար քննության մասին.
Ցավոք, Սևանի Առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ս.Ասատրյան) չկարողացավ արդար որոշում կայացնել վերապատվելի Վլադիմիր Բաղդասարյանի նկատմամբ` օբյեկտիվորեն չանդրադառնալով ո'չ «Շանթ»-ի լրագրողների` առանց վկայականի ուրիշի սեփական տա­րածք մուտք գործելուն, ո'չ հեռուստախցիկը մտնելուն պես միացնելուն, ո'չ լրագրո­ղին անվայել պահվածքին, ո'չ էլ երեկոյան եթերով հնչեցված զրպարտությանը:
Մնում է հուսալ, որ բարձր ատյանի դատարանը, վեր կանգնելով կրոնական ան­հան­դուրժողականությունից, կբարձրացնի արդարադատության հեղինակու­թյունը:
գ. Օտարման գաղափարախոսությունը.
Վերոհիշյալ ելույթում Շմավոն քահանան անհասկանալի համարձակությամբ մեր ժողովրդի կազմից օտարում է մի ստվար հատվածի. «Եթե հայ ես, ապա քո եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, քո հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը: Եթե չես ուզում հայ լինել, ապա կարող ես գնալ ու ընդունել ցանկացած մի կրոն»:
Այսպիսով, արժանապատիվ հոր` ազգային և կրոնական ինքնության նույնակա­նացման տեսակետը մի քանի խնդիրներ է հարուցում` ներքին-ազգային, արտա­քին-միջազգային և կրոնադավանաբանական-էթնիկական.
1) Նախ` հայ կաթոլիկները և ավետարանա­կանները դադարում են հայ լինելուց, իսկ նրանց դավանած քրիստոնեությունը, պարզվում է, այլ կրոն է դառնում: Կրթամշակութային գործչի ձեռամբ փաս­տորեն մեր ազգային-պատմական հիշողու­թյունից ջնջվում են Մխիթարյան միաբանության գործունեու­թյունը, նոր ժամա­նակ­ների հայ ազա­տագրա­կան շարժմանը բերած ավետարա­նական գործիչների ավանդը, Հայ Ավետարա­նական Եկեղեցու լայնամասշտաբ բարեգործական, կրթադաս­տիա­­րակ­­չական ձեռնարկները։
Այս դեպքում հայտնի չէ ուղղափառ, աթեիստ և կրոնական կողմնորոշում չունեցող հայերի ազգային կարգավիճակը` հայ ժողովրդին և նրա մշակույթին բերած ողջ վաստակով հանդերձ:
2) Շփոթ է առաջանում նաև համաշխարհային հանրության առումով: Այն երկրներում, որտեղ միջազգային բնույթ ունեցող Կաթոլիկ, Ուղղափառ կամ Ավետարանական եկեղեցիները գերիշխում են, նրանց անդամները մի՞թե դադարում են իրենց ազգի հարազատ ներկայացուցիչները լինելուց։ Կամ այն երկրներում, որտեղ կա կրոնական բազմակարծություն, մի՞թե միայն գերիշխող կրոնի ներկայացուցիչն է իր ազգի հարազատ զավակը համարվում։ Ասենք, լեհ ուղղափառը դադարելու՞ է զտարյուն լեհ լինելուց՝ Լեհաստանում Կաթոլիկ եկեղեցու բացառիկ հեղինակության պայմաններում, կամ անգլիացի, դանիացի, շվեդ, նորվեգ, ֆին կաթոլիկները այլևս իրենց ազգին չե՞ն պատկանելու` Ավետարա­նա­կան եկեղեցիների պետական լինելու պարագայում։ Իսկ ալբա­նացի կամ ճապոնացի ուղղափառները. մի՞թե նրանք կորցնելու են իրենց ազգային պատկանելությունը, քանի որ ազգակիցների մեծամասնությունը համապատասխանաբար մահմեդականներ կամ սին­տոիստ­ներ են։ Էլ ավելի է բարդանում իրադրությունը Լիբանանում արաբների հետ…
3) Դժվարություն է առաջանում նաև կրոնադավանական-էթնիկական նույնականացման հարցում: Մի՞թե հայաստանաբնակ ուղղափառ ռուսները, հույները, նեստորական ասորիները, հուդայական հրեաները, արևապաշտ եզդիները, մահմեդական պարսիկները, այդ ազգերին պատկանող ոչ հավատացյալները, ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը, պիտի դադարեն իրենց ազգի ներկայացուցիչները լինելուց և հայանան…
3. Մի քանի տեղեկություն «Աղանդագիտարան»-ին` աղանդագիտության մասին.
ա. Կրոնագիտական տեղեկանք.
1) Քրիստոնեական ծագում ունեցող աղանդներին բնորոշ են քրիստո­նեության գլխավոր սկզբունքների (Սուրբ Գրքի հեղինակության, Սուրբ Երրոր­դու­թյան, Քրիստոսի Աստվածության, հարության և փրկագոր­ծության, Սուրբ Հոգու անձ­նա­վորության և այլն) մերժումը, օտարածին մարգարեություններն ու տեսիլքները, առաջ­նորդի գերազանցության ամբողջատի­րական պատկերացումները, ինչպես նաև մի շարք խնդիրների առկայությունը ազգի և հասարակության համար պատասխա­նատվության հարցում.
2) Աղանդները դասակարգվում են` արևմտյան (մորմոններ. Եհովայի վկաներ, Քրիստոնեական գիտություն, մունականներ և այլն), արևելյան (տրանսցենդենտալ մեդիտացիա, կրիշնայականություն, սայենթոլոգիա և այլն) և Նոր դարի աղանդների (թեոսոֆիա, անտրոպոսոֆիա, կրոնական գիտություն.և այլն):
բ. Եկեղեցագիտական տեղեկանք.
1) Հայ Առաքելական Եկեղեցին, ընդունելով Քրիստոսի Եկեղեցու մեկությունը, սրբությունը, ընդհանրականությունը և առաքելականությունը, իրեն տեսնում է նրա մեջ.
2) Ներկայումս Հայ Առաքելական Եկեղեցին իր զույգ կաթողիկոսություններով անդամակցում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին, այլ միջեկեղեցական կառույցների, որոնց իրենց մասնակցությունն են բերում ուղղադավան թե' ուղղափառ, թե' ավետարանական շատ եկեղեցիներ.
3) Դեռևս 2005թ. ՀՀ Վարչապետին ուղղված նամակում Մայր Աթոռի դիվանա­պետն առաջարկել էր «Խղճի ազատության մասին» օրենքում Հայ Առաքելական Եկեղեցու կողքին նշել նաև ավանդական մյուս քույր եկեղեցիների անունները:
Այսպիսով, վերոհիշյալ «նախանձավորները», «պապից ավելի կաթոլիկ լինելով», խախտում են «Խղճի ազատության մասին» գործող օրենքը և ճիշտ չեն լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական դավանաբանությունը:
գ. Պատմական տեղեկանք.
1) Անգնահատելի է Մխիթարյան կաթոլիկ միաբանության մեծ վաստակը հայագիտության, մատենագիտության, պատմաբանասիրության, բառարանագիտու­թյան, Աստվածաբանու­թյան, գրականության, կրթության և այլ բնագավառներում (իր հայտնի հայրերով` Մ.Սեբաստացի, Գ.Ավետիքյան, Մ.Չամչյան, Մ.Ավգերյան, Ղ.Ալիշան և այլք).
2) Իսկ Հայ Ավետարանական Եկեղեցին հայտնի է ազգային-ազատագրական շարժմանը տված իր գործիչներով` Ս.Թեհլերյանով, վեր.Տ.Անդրեասյանով, Մոնթե Մելքոնյանով, Հրանտ Դինքով, ավետարա­նական ծագում ունեցող մեծանուն գրողներ Վիլյամ Սարոյանով և Տիրան Չրաքյանով, Մեծ Եղեռնից հետո հիմնած որբանոց­ներով, Սփյուռքում ներկայումս միակ հայկական բուհով` Հայկազյանց համլսարանով և այլն.
3) Հայ Առաքելական Եկեղեցին ներկայումս համագործակցում է Հայ Կաթողիկե և Ավետարանական Եկեղեցիների հետ Հայաստանի Աստվածաշնչա­յին Ընկերությու­նում, Միջեկեղեցական «Կլոր սեղան» հիմնադրամում, այլուր:
Այնպես որ, կարծում եմ, թե հարգարժան ընդդիմախոսներին այս ամենը լուրջ խորհելու առիթ պիտի տա…
Բ. Խղճի և կրոնական ազատությունների մասին Արդարադատության նախարա­րության նախագծերի փաթեթի անհետևողականությունը` արգելք կրոնական դաշտի կարգավորմանը.
1. Նախ` նրանում դրսևորվող դրական միտումների մասին.
ՀՀ Արդարադատության նախարարին ուղղված նամակում Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցության ութ հովիվներս նշել էինք, թե վերոհիշյալ նախագծերում առկա են ՀՀ Սահմանադրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխանեցնելու որոշ դրսևորումներ.
ա. կրոնը և համոզմունքը փոխելու, հրապարակայնորեն և առօրյա կյանքում դրանց համապատասխան գործելու ազատությունը.
բ. կրոնական կազմակերպությունների` «իրենց հավատացյալ անդամների շրջա­նա­կում» գործելու սահմանափակման վերացումը, նրանց հավատքի դավանության ու տարածման իրավունքը.
գ. կրոնական կազմակերպությունների գրանցման համար անդամների անհրա­ժեշտ թվի փոքրացումը.
դ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 205.3 և 206 հոդվածներով նախատեսած կրոնական կազմակերպությունների` հասարակական կյանքից օտարման և խորհրդային ժամանակներից ժառանգած սահմանափա­կումների թոթափումը և այլն:
2. Չհաղթահարված խնդիրները և նորերի հարուցումը.
Այսուամենայնիվ, Արդարադատության նախարարության փաթե­թումհնարավոր չի եղել հաղթահարել 2009թ. Ա.Աշոտյանի գլխավորությամբ պատգամավորական խմբի հեղինակած ու ՀՀ Ազգային Ժողովում առաջին ընթերցումն անցած և 2010թ. ՀՀ կառավարության կազմած նախագծերում պարունակված հակասահմանադրական և միջազգային պայմա­նագրերին հակասող սահմանումներն այսպես կոչված «հոգեորսության» և կրոնական կազմակեր­պությունների` իրենց անդամների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ:
ա. «Հոգեորսության» խնդիրը.
1) Հիշյալ մեր նամակում նշել էինք, թե այն իրավաբանական եզր չէ և չի կարող սահմանվել օրենքով: Բառացիորեն նշանակելով հոգի որսալ` ոչ պատշաճ դավանափոխության շրջասույթի անհաջող փորձ է (շրջասույթը առարկայի իրական անվանմանը փոխարինող նկարագրական դարձույթն է):
2) Ոչ պատշաճ դավանափոխության սահմանումը («հոգեորսություն») տեղիք է տալիս մի շարք խնդիրների.
ա) Նախագծում ոչ պատշաճ դավանափոխություն է համարվում այլ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ «դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործություն», որը դրսևորվում է «նյութական կամ սոցիալական բնույթի առավելության» տրամադրումով.
(1) Այսպիսով, առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կրոնա­կան քարոզչության ընթացքում բարեգործության դրսևորումները դիտվեն որպես պատժելի, ոչ պատշաճ դավանափոխության փորձ («հոգեորսություն»).
(2) Մնում է ենթադրել, որ հենց այդ նպատակով էլ նախագծի հեղինակները հոդված 8-ում կրոնական կազմակերպությունների իրավունքների ցանկից հանել են դեռևս գործող օրենքով վերապահված բարեգոր­ծության իրավունքը.
(3) «Մոռանալով», որ ՄԱԿ-ի «Կրոնների և համոզմունքների հիման վրա անհանդուր­ժողա­կանության և խտրականության բոլոր ձևերի վերացման հռչակագրի» (1981թ.) հոդված 6-ի բ) կետի համաձայն` խղճի ազատությունը ներառում է նաև բարեգործական կամ հումանիտար հաստատություններ հիմնելու իրավունքը (նրանց հատուկ լիարժեք գործունեությամբ հանդերձ):
բ) Ոչ պատշաճ դավանափոխություն է համարվում նաև «անձի կախվածության օգտագործումով» դրսևորվող դավանափոխության միտված «ցանկացած քարոզչա­կան ներգործությունը».
(1) Նախ` անհրաժեշտ է, որ նախագծի հեղինակները ներկայացնեն այն մեխա­նիզմ­ները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ցույց տալ, որ դավանափո­խությունը տեղի է ունեցել «անձի կախվածության օգտագործումով».
(2) Այդ պատճառով էլ, լիովին մերժելով կրոնի, խղճի և համոզմունքի հարցերում այլ շարժառիթներով առաջնորդվելու սկզբունքը, չենք կարող համաձայնվել բարոյակա­նու­թյան հարցերը վարչական միջոցներով լուծելու առաջարկվող գործելակերպի հետ.
(3) Մանավանդ, որ նման մոտեցում չի կիրառվում կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների դեպքում, ինչը կարող է դիտվել որպես խտրականություն:
գ) Ինչ վերաբերում է պատժելի դարձող` «անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելու» թվաբանական արգելքին, ապա այն կարող է խոչընդոտել դեպրեսիայով և սուիցիդով տառապող մեր շրջապատի մարդկանց, էմոների և երիտասարդական նմանատիպ ենթամշակույթների հետևորդների, էքստրեմալ իրավիճակներում հայտնված հայրենակիցների հետ տարվող հետևողական աշխատանքի արդյունավետությանը:
դ) Այսպիսով`
(1) ՀՀ Սահմանադրությամբ և միջազգայնորեն ամրագրված կրոնական կազմա­կերպու­թյունների գործունեության սահմանափակումների կողքին (հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյակա­նության կամ այլոց իրավունք­ների և ազատությունների պաշտպանության նկատառումներով) օրենքի թիրախ է դառնում դավանափոխությունը.
(2) Հայաստանյան հասարակության ողջ խայտաբղետ կրոնական դաշտի ամեն մի տեղաշարժ վերոնշյալ 4 սահմանափակումներից բացի ենթարկվելու է լրացուցիչ քննության քրեական հետապնդման նպատակով:
ե) Այս ամենի փոխարեն մենք առաջարկել ենք հետևյալ ձևակերպումը.
«Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ոչ պատշաճդավանափոխությունըորն ուղեկցվում է անձի կամ նրա մերձավորինկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունգործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքովայլ կրոնի կամնրա հետևորդներիհամոզմունքի կամ նրա կրողներիկրոնականկազմակերպության կամ նրա անդամների նկատմամբ թշնամանքհարուցելով կամ ատելություն հրահրելով»:
բ. Այժմ «Իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության և վարքի վերահսկողություն» իրականացնող կրոնական միավորումների գործու­նեու­թյան արգելքի մասին.
1) Վերահսկողություն եզրը բազմիմաստ է (մի նշանակությամբ՝ իշխա­­նու­թյան կիրառություն, մյուս նշանակությամբ՝ ստուգում, երրորդ նշանա­կությամբ՝ բարոյա­կան կամ հոգևոր ներգործու­թյուն), հետևբար նրա իրականացումը բարոյա­կան կամ հոգևոր ներ­գոր­ծության իմաստով չի կարող համարվել որպես մարդու իրավունքների և ազատու­թյունների դեմ ուղղված գործունեություն:
2) Բացի այդ, անդամների «անձնական կյանքի կամ վարքի վերահսկո­ղությունը» ձևակերպումը կարող է տարածվել ցանկացած քարոզ­չու­թյան վրա, քանզի ցանկացած քարոզ կամ առհասարակ մտքերի փոխանա­կություն ազդեցություն է դիմացինի գիտակցության, հնարավոր է , նաև` վարքի վրա.
3) Քրիստոնեական կազմակերպությունների դեպքում դա կարող է վերաբերել ապաշ­խարության և սրբացման քարոզությանը, որի էությունը մտածելակերպի փոփոխու­թյունն է, ինչն իր հետքն է թողնում անձնական կյանքի և վարքագծի վրա:
Այն մասնավորապես կարող է առնչվել նաև հոգևոր-եկեղեցական պրակտի­կայում կատարվող խոստովանու­թյան հետ (Աստվածաշունչ, Հակոբոսի ուղերձ 5.16), ինչն անգամ ընդունվում է ներկայացված փաթեթում:
4) Առողջության «վերահսկո­ղության» պարագայում այն կարող է վերագրվել Աստվածաշնչական աղոթքի և ծոմապահության, հավատքով բժշկության վարդապե­տու­թյունների քարոզչությանը, իսկ սեփա­կանության «վերահսկողության» դեպքում` գործնական բարեպաշտության և բարեգործության քաջալերմանը:
գ. Կրոնական բնույթի սահմանափակումները.
1) Քննարկվող նախագծերում 25-ից ավել անդամներ ունեցող, սակայն չգրանցվող կրոնական միավորումները զրկվում են իրենց անդամների հոգևոր-կրոնական կարիքների բավարարման իրավունքից, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրու­թյան հոդված 26-ում և անգամ մեջբերված նախագծերում:
Ի դեպ, սույն արգելքը գործում է նաև գործող օրենքում:
Այսպիսով, կրոնական ազատության իրավունքը չի տարանջատվում իրավաբանական անձի կարգավիճակի հետ կապված իրավունքներից:
2) Հակառակ սեփական հավատքը համատեղ դավանելու և տարածելու սահմանադրական դրույթին և առաջարկվող նախագծերում դրանց արտացոլմանը` նախկինի նման կրոնական կազմակերպությունների գործունեությունը թույլատրվում է իրենց անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով.
3) Նման սահմանմափակում դրվում է նաև կրոնի ուսուցման խմբերի ստեղծման հարցում:
3. Նոր խնդիրների հարուցումը.
ա.Եկեղեցի անվանման սահմանափակումը
1) Խնդրո առարկա նախագծերում Հայաս­տանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց բացի այլ կրոնական կազմակերպու­թյունները եկեղեցի չեն կոչվում.
2) Հակառակ այն բանին, որ գործող օրենքում «եկեղեցական ու կրոնական համայնքներ» եզրույթների գործածումը թույլ է տրվում .
3) Իրականում անընդունելի է, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, միջազգային (այդ թվում` եկեղեցական) կազմակերպությունների կողմից ընդունված եկեղեցի­ները (օրինակ` կաթոլիկ, ուղղափառ, ավետարանական և այլն) որպես այդպիսիններ չճա­նաչ­վեն Հայաստանի Հանրապետությունում:
բ. Իրավունքների ցանկի փոքրացումը.
1) Նախարարության ներկայացրած նախագծերում փորձ է արված` կրոնական կազ­մա­­կեր­պությունների իրավունքների ցանկից հանելու գործունեության ձևեր, որոնք նրանց վերապահված են անգամ «Խղճի ազատության և կրոնական կազմակեր­պությունների մասին» գործող օրենքով (բարեգործությամբ զբաղվելու, զանգվածային լրատ­վամի­ջոցներից օգտվելու, հրատարակչական գործունեություն ծավալելու և այլն).
2) Բարեգործությունը «հոգեորսություն» դիտելով` նախագծերի հեղինակները կրոնական կազմակեր­պություններին լիովին ձերբազատում են այդ առաքինությունից` նրանց զրկելով օտարկերկյա պետություններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվություններ ստանալու իրավունքից.
ա) Վերոնշյալ սահմանափակումը Հայստանի Հանրա­պետու­թյունում կրոնական կազմակերպություններին համարյա թե դնում է կուսակցու­թյուն­ների կողքին` հակառակ հասարակական կազմակերպություն­ների նկատմամբ վերաբեր­մուն­քին, ինչը կարող է դիտվել որպես խտրականություն:
Մինչդեռ, Կրոնի և դավանանքի օրենսդրության վերլուծության վերաբերյալ հանձնարարականներում (հաստատված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2004թ. հուլիսի 5-9, II մասի K.1 կետ) պահանջվում է. «Իրավական նորմերը պիտի մշակվեն այնպես, որպեսզի չլինեն խտրական».
բ) Կրոնական կազմակերպությունների նկատմամբ այս խտրականությունը, չխոսելով Հայաստանում գործող այլազգի քրիստոնեական եկեղեցիների մասին, կարող է վանող ազդեցություն ունենալ նաև զգալի թվով սփյուռքահայ հայրենակիցների և իրավաբանական անձանց համար:
Նրանց մի կողմից` հայրենի կառավարու­թյունը ջանում է ներգրավել Հայաստանյան և համահայկական ծրագրերի իրա­կա­նացման մեջ (անգամ խոսք է գնում երկպալատ խորհրդարանի ստեղծ­ման մասին` վերին պալատում սփյուռքահայ գործիչների ընդգրկման նպատակով ): Մյուս կողմից` անվստահություն ցուցաբերելով, փաստորեն արգելք է հարուցվում Հայաստանի կրոնական-հոգևոր կյանքի զարգացմանն ավանդի բերման համար.
գ) Բացի այդ, մի կողմից` սույն փաթեթում երաշխավորվում է այլ երկրների կրոնական կազմակերպությունների հետ կապերի հաստատումը:
Մյուս կողմից` սակայն, Հայաստանի կրոնական կազմակերպությունները վերոնշյալ խտրական արգելքի պատճառով չեն կարող ամբողջությամբ իրականացնել այդ իրավունքը և «իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագ­նացության, ժողովների և կրոնական այլ միջոցառում­ների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով»` հյուրընկալող կազմակերպու­թյունների նվիրատվությամբ:
Էլ չենք խոսում վերոհիշյալ արգելքի դեպքում Աստվածաբանական-Աստվածաշնչական, հումանիտար հետազոտու­թյունների, մեր ժողովրդի ճանաչողության և նրա պատմության լուսաբան­ման, կրթական և բազմաթիվ այլ նախագծերի համատեղ իրականացման անհնարինության մասին:
գ. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունների, կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության մասին.
1) Փաթեթում անիրավացիորեն տեղ չեն գտել գործող օրենքի «Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբե­րու­թյունները» գլխի հետևյալ հոդվածները, որոնք առաջարկում ենք վերականգնել.
- «Պետությունն իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը» /գործող օրենքի հոդված 17-ի ա) /.
- «Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերա­պահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար» /գործող օրենքի հոդված 18/.
- «Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտակա­նու­­թյունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա` այլ քաղաքացիների հետ համահավասար:
Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով` օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ» /գործող օրենքի հոդված 19) /.
- «Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատ­մական հուշարձանների պահպանությունը` անկախ նրանց պատկանելությունից» /գործող օրենքի հոդված 21/.
- «Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկար­գա­վորված հարաբերությունները կարգավորվում են պետության և համապատասխան կրո­նական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ» /գործող օրենքի հոդված 23-ի վերջին պարբերություն /:
2) Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կար­գա­­վորող կառավարության լիազոր մարմնի իրավասությունների ցանկին ավելացել է կրոնական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
ա) Մեր կարծիքով նման ձևակերպումը հակասում է «…Պետությունը` չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպու­թյուն­ների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին» դրույթին.
բ) Դրա փոխարեն առաջարկում ենք
«հետևում է կրոնական կազմակերպությունների գործունեության` ՀՀ Սահմա­նադրու­թյանը և օրենքներին համապատասխանությանը» ձևակերպումը.
գ) Անհրաժեշտ ենք համարում «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի Կրոնական կազմակերպության գործունեության հրապարակայ­նու­թյան մասին հոդվածում հստակեցնել, որ տարեկան գործունեության նկարագրու­թյան, ծրագրերի անվանումների ու վայրերի տեղեկատվության պահանջը վերա­բերում է նրան` որպես իրավաբանական անձի:
3) Ընդհանրապես նախագծի հեղինակների ուշադրությունը հրավիրում ենք փո­փոխ­վող և լրացվող` թե' Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածներում պարու­նակվող բարձր տուգանքների (նկատի առնելով նաև մեր երկրի ազգաբնակ­չության մեծ մասի ցածր կենսամա­կարդակը), թե' Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված անհամաչափ պատժաչա­փերի վրա:
ա) Ելնելով այս ամենից` առաջարկում ենք ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծից հանել առաջարկվող փոփոխությունները և հոդվածները`
- կրոնական միավորման գրանցումից խուսափելու,
- դավանափոխ անելու նպատակով հետապնդելու կամ նյութական ու սոցիալական առավելություններ տրամադրելու,
- իրենց անդամների անձնական կյանքի, առողջության, սեփականության և վարքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու,
- նվիրատվություններ ստանալու մասին.
բ) Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի փոփոխություններին, ապա առաջարկում ենք հանել «հոգեորսության» մասին հոդվածը և բավարարվել նրանում արդեն եղած հետևյալ հոդվածներով`
- 112.12), 113.7), 119.7)` առողջությանը կրոնական շարժառիթով վնաս պատճա­ռելու,
- 162, 185.2.4)` անձանց իրավունքների դեմ կրոնական շարժառիթով ոտնձգու­թյուն­ներ կատարելու,
- 226, 265.2.2)` կրոնական թշնամանք հարուցելու մասին:
Գ. Նվիրաբերման հրամայականը.
1. Մեր երախտավորների միասնության դասերը.
ա. Անգամ միջնադարում.
1) Մեր հոգևոր մեծարելի հայրերը՝ Ներսես Շնորհալին և Ներսես Լամբրոնացին, ինչպես նաև նրանց հետևորդներ Վարդան Այգեկցին, Մխիթար Գոշը, Եսայի Նչեցին, մի քանի դար առաջ կանխելով էկումենյան շարժումը, տանում էին դավանաբանական հանդուրժողա­կանության և քրիստոնեական եկեղեցիների միավորման գիծը.
2) Ըստ Ներսես Շմորհալու, երբ տարբեր եկեղեցիներ ընդունում են քրիս­տոնեական հավատի հիմնական ճշմարտություն­ները, ապա հակառակ նրանց երկրոր­դական տարբերություն­ներին, գտնվում են ուղղափա­ռու­թյան սահմանի մեջ։
3) 11-րդ դարում Գրիգոր Մագիստրոս Պահլավունին գրում է, որ հակառակ «աղվե­սադրոշմ» դնելու հայկական կանոնական օրենքին՝ չի գնացել մարմնական պատիժ­ներ կիրառելու ճանապարհով։
բ. Նոր ժամանակներում.
1) 19-րդ դարի հայ մեծ լուսավորիչ Ստեփանոս Նազարյանցն իր «Վարդապե­տարան կրոնի» գրքույկում նշում է. «…Պարտական է քրիստոնյան պատվիլ և հարգիլ յուր ընկերի կրոնական հավատը, թե' նրան մասնակից լիներ, և թե' ոչ…»: Հետա­գայում իր հրատարակած «Հյուսիսափայլ» ամսագրում գրում է. «Մեր լուսավորական քրիստոնյան, դառնալով պրոտեստանտացած քրիստոնյա, այնուամենայնիվ, մնում է մեր եղբայրը` թե' ազգաբար, և թե' քրիստոնեաբար. ազգաբար, ըստ որում հայկա­կան արյունը չի փոխվում երակների մեջ… քրիստոնեաբար` ըստ որում Քրիստոս պատկանում է պրոտեստանտին…»:
2) Դոցենտ Ռազմիկ Սահակյանը գրում է, որ Ստ. Նազարյանցը, վկայակոչելով գերմանական ռեֆորմացիան, նշում է, թե կաթոլիկու­թյունը և բողոքականությունը Գերմանիայում չեն խանգարում գերմանացիների «հայրենասիրությանը, նոցա ազգային առաջադիմությանը, քաղաքական միաբանու­թյանը, մատենագրության բարգավաճանքին»:
Ռազմիկ Սահակյանը ավելացնում է նաև, որ «իր լուսավորական հավատամքին հարազատ մնալով` Ստ.Նազարյանցը հայերին կոչ է անում հրաժարվել կրոնական անհանդուրժողականությունից, եղբայրաբար բուժել ազգի վերքերը, որովհետև ազգը պատկանում է և' լուսավորչականին, և' կաթոլիկին, և' բողոքականին: Նա համարում էր, թե նրանք երեքն էլ իրենց դրոշի վրա պետք է արձանագրեն երեք բառ… «եղբայրասիրություն, հայրենասիրություն, միաբան անձնազոհություն հասարակաց հայրենիքի համար»»:
3) Ստ. Նազարյանցը, հանդես գալով դավանանքի ազատության և հանդուրժո­ղա­կանության պահանջներով, հայկական գերեզմանատանը ավետարանականին թաղելու արգելքը անվանում է «ֆանատի­կոսության մաշող թույն»։
Դավանական նախապաշարումների հաղթահարման կողմ­նակից է եղել նաև հայ դասական Րաֆֆին։
գ. Բարեփոխումների անհրաժեշտությունը մեր օրերում.
1) 1999թ. հրատարակված Խաչիկ Ղազարյանի «Բարենորոգչական նախաձեռնու­թյունները Հայ Առաքելական եկեղեցում….» գրքում բարձրացվում են պաշտամունք­ների լեզվի, նրանցում ծխական համայնքների մասնակցության, քարոզի, հոգևորակա­նության բարեփոխման, կուսակրոնության, հոգևոր կառավարման հետ կապված և այլ խնդիրներ:
Դա էր նաև Ստեփանոս Նազարյանցի երազանքը. «Հայոց եկեղեցին պիտո է մի ռեֆորմ առներ… ժողովուրդը, ճանաչելով քրիստոնեական իսկությունը, շինվելով և հաստատվելով ավետարանական խոսքի վրա, այնուհետև ոչ մի հայ տեղիք ունենալու չէր` վազելու յուր եկեղեցուց դեպի մյուս եկեղեցի»:
Մեր օրերում լայնախոհության մի արտահայտություն է այն, որ Հայ Առաքելա­կան Եկեղեցին մասնակցել է Արևելյան Ուղղափառ և Բարե­կարգյալ Բողոքական Եկեղեցիների Համաշխարհային Միության ներկայացուցիչների հանդիպում­ներին, որոնցից վերջինը տեղի է ունեցել 1999-ին Դամասկոսում:
2) Մեջբերենք նաև Հայաս­տանի Հանրապետության Նախագահի` 2008թ. սեպտեմ­բ­երի 24-ին ամերիկահա­յու­թյան ընդունելությանն ունեցած ելույթից մի քանի հատված.
- Հայի ինքնությունը… պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից.
- Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավակենտրոն.
- Յուրաքանչյուր հայ պետականության կրողն է, իսկ բոլորս միասին այն կերտողները.
- Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է,
- Միասնականությունը մեզ այսօր պետք է առավել, քան երբեք…
3) Հայաստանի քրիստոնեական ապագայի տեսիլքն ունեցողները չպիտի խուսափեն` Հայ Առաքելական Եկեղեցու կողքին տեսնելու նրա դաշնակիցնե­րին՝ Ավետարանական ընտանիքի հայ քրիստոնյաներին։ Նաև պիտի չխորշեն այնպիսի ընդհանուր խնդիրների իրականացմանը միտված համագործակցությունից, ինչպի­սիք շարադրված են Արամ Ա կաթողիկոսի ուղերձում Հայ Ավետարանական եկեղեցու 150-ամյակի առթիվ. «Ավետարանի քարոզությունը, կրոնական դաստիարակության տարածումը, հայ հոգեմտավոր արժեքների ծավալումը, Հայրենիքի ու Արցախի հզորացումը, հայ ժողովրդի բռնաբարված իրավունքների հետապնդումը, իր ազգային միասնականության ամրացումը…»։
2. Կանգնած ընդհանուր մարտահրավերների առջև.
Իրականում Հայաստանյայց Առաքելական և Ավետարանական եկեղեցիները կանգնած են նույն մարտահրավերների առջև:
ա. Հասարակության բարոյական գիտակցության ան­կու­մը:
1) Այսօր բռնու­թյունը տիրում է անգամ ներընտանեկան հարաբերություններում (այդ մասին լավ է ասված մանկավարժագետ Սերգեյ Մանուկյանի ձեռնարկում): Ծնողամեծար և որդեսեր, ավանդապահ հայ ընտանիքը ցավալիորեն դեֆոր­մաց­վում է, ինչը «հաստատագրված է» «բարեփոխված» Սահմանադրության 35-րդ հոդվածում (նրանում նշվում է կնոջ և տղամարդու ամուսնության իրավունքի մասին` առանց հստակեցնելու, որ այն դաշինք է հենց տղամարդու և կնոջ միջև):
2) Կրթական հա­մա­կարգում խզվում է սերունդների միջև եղած կապը: Իներցիայով գործում է միայն աշխարհի հանդեպ մատերիալիստական հայացքների ներկայացման մենաշնորհը: Մինչդեռ աշխարհով մեկ լայն թափ է ստացել գիտական-կրեացիոնիստական շարժումը, որի տարածմանը Հայաստանում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել և մեր ջանքերը մեկտեղել:
Կրթության նախարարության «ջանքերով» և Ազգային Ժողովի որոշմամբ հան­րա­պետությունում այսուհետև լավագույն հնարավորություններով կօժտվեն օտարա­լեզու ուսուցմամբ դպրոցները` շնորհալի աշակերտներին արդեն պատանե­կան տա­րի­քից ազգային մտածողության արմատներից կտրելով, արդյունավետ կարիերայի համար նրանց օտար մշակույթների հետ կապելով և մեր ոսկեղենիկ մայրենին ժամանակակից մասնագիտական տերմինաշինության համար փակ պահելով:
3) Երիտա­սար­դության շրջանում տարածվում են դիվային ծագում ունեցող «ենթամշակույթները», որոնք իրենց հերթին նպաստում են ինքնասպա­նությունների թվի աճին:
4) Հեռուստահաղորդումներում անարգվում են անգամ ազգային հերոս­ները, իսկ անբարոյականությունը մատուցվում է հումորի պնակով:
Միաժամանակ կրոնական անհանդուրժողականության թեմային խորհրդային ժամանակների ոգով ասես նույն խմբավարի առաջնորդությամբ ձայնակցում են համարյա բոլոր հեռուստաընկերությունները:
Հասարակական կարծիքի ձևավորման գործում կործանարար դերակատա­րություն են ունենում ինֆորմացիոն մեքենայությունները…
5) Կոռուպցիան բար­գա­վաճում է, օրինակա­նությունը` վերանում, ապագայի նկատմամբ հիասթափու­թյունը` խորանում, իսկ արտագաղթի ճանապարհին հայտնվողների թիվը` գնալով ստվարանում…
6) Մեր օրերի հայ մրցանակակիր գրողներին բնորոշ է դառնում էրոտիկան, գռեհկաբանու­թյունն ու հայհոյախո­սությունը, դևերգությունն ու քրիստո­նեատյա­ցությունը:
Մի քանի մեջբերում անենք ընդամենը` խնայելով ընթերցողին.
ա) «…Դեռևս Սովետական Միությանը պատկանող բնակարանիս մի մասը… որոշել էի հենց այնպես տալ երեք սիրառատ ուսանողների, որ աղջիկ չգտնելով սիրո համար, աստվածաբանության մի այլ ուսանողի հետ տրվում էին գիջության»…
բ) «21-րդը - դարն է սատանայի'…»:
«Այս մարդը, քառորդ դար տարբերությամբ, լոկ երկու անգամ իմ տունն է մտել,- ու մտնելուն պես, մեծ արագությամբ, զուգարան վազել - ու …
ժամերով նստել:
Ուրիշի տա՞նն է ------ը գալիս,
թե զուգարանն է խնայում իր տան…»:
գ) «Գրիգոր Լուսավորի՞չ, թե՞ Խավարիչ».
«Քրիստոսը ծնվել է Մարիամից և պատմությանն անհայտ հորից… Մարիամին, որ ապօրինի հղիացել էր, սպասվում էր ժողովրդի քարկոծումը… Մարիամը լավ գիտեր իրեն սպասվելիք պատիժը և համաձայնվում է Հովսեփի առաջարկությանը… Ծնվում է Քրիստոսը, որից հետո սկսվում է Նրա ոդիսականն օտարության մեջ»…
Այս ամենին ականջալուր` մնում է մեծ բարեխոսի նման ողբանք ու խոստովանենք.
«Քեզնից ստացած արժանիքներն ու բարիքներն այդ ողջ…
Վնասապարտս փոխարինեցի
Անթիվ այլազան ու բազմապիսի անօրենության:
Այլև մարմնական, հոգեկան բոլոր
Ախտ ու կրքերով տոգոր բազմածուփ
Երկրաքարշ հույզ ու մտորումների…
Իմաստությունն իսպառ մոռացած
Ու սիրահարված խելահեղության…»
բ. Քրիստոնեատյաց շարժումների արշավանքը.
1) Մինչ մենք` քրիստոնյաներս, թուլացնում ենք միաբանությունը, հասարա­կական գիտակցության վրա արշավում են քրիստոնեատյաց շարժումները` այսպես կոչված «նոր դարաշրջանը» և սատանա­պաշ­տությունը, ինչի մասին ի թիվս այլոց (Վարդան Ասցատրյան, Խաչիկ Ստամբոլցյան և ուրիշներ), ես նույնպես ահազանգել եմ («Կրոն և հասարակություն» ամսագրի 5-րդ համար):
2) «Նոր դարաշրջանը» հանդես է գալիս որպես համաշխարհային միասնական կրոն` փոխարինելու քրիստոնեությանը, որի ձևավոր­ման ազդակներից են օկուլտիզ­մը, արևմտյան նյութապաշտության հար­մա­րե­ցումն արևելյան փիլիսոփայություն­ներին, Ե.Բլավատսկայայի թեոսոֆիա­կան դպրոցը և այլն: Այն իր առջև խնդիր է դրել իրականացնել «գլոբալ մաքրագոր­ծումներ», ոչնչացնել «իրենց զարգացման մեջ փակուղու հասած» հոգիներին, որ նույնն է` «քաղցկեղային մարդաբջիջներին»` որպես «տիեզերական աղբ»: Այդ նպատակով 1986 թվին ստեղծվել է Միավորված կրոնների կազմակերպությունը` հասնելու նոր աշխարհա­կարգի, գլոբալ քաղաքակրթության և համաշխարհային կառավարության ձևավորմանը:
3) Սատանայական «եկեղեցին» 1966 թվին հիմնվել է Սան-Ֆրանցիսկոյում: Նրա պաշտամունքի գլխավոր գրավականը ծիսական սպանու­թյու­նը և անմեղ զոհերի արյան հեղումն է, որի հետ կատարվող մոգական գործողու­թյուն­ները կոչվում են «սև պատարագ» (ի դեպ, տարիներ առաջ ծիսական սպանություն կատարվեց նաև Երևանում, որի մասին գրվեց մամուլում): Սատանայապաշտական սկզբունք­ներից են մարմնական ցանկությունների անսահմանափակությունը և վրեժը ներման փոխարեն, իսկ տոներից` «Հելոուինը», երբ մարդիկ հագնվում են իրենց հանգուցյալների նման և նվիրատվություն խնդրում: Սատանիստների երեկոներն անցնում են «ծանր մետաղի» երաժշտության տակ` խառը կենակցություններով սատանային փառաբանելով:
Պետք է ասել, որ այս մասին Ալեքսանդր Ամարյանի հետ միասին մենք մի հաղորդաշար ունեցանք «Ավետիս» հեռուստատեսությամբ, որից հետո, ցավոք, մեր համագործակցությունը դադարեց մինչ այժմ:
Իսկ «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոնի» ղեկավարը, որն ի դեպ Հայաստանում թերևս ամենամեծ գրադարանն ունի այդ ուղղությամբ և կարող է շատ օգտակար լինել, վերջին ամիսներին, ավա~ղ, զբաղվում է ավանդականներին հանրության առջև «աղանդական» պիտակներ կպցնելով…
գ. Ձևապաշտություն` բարեպաշտության փոխարեն.
1) Բարոյա-հոգևոր այս աննախանձելի իրավիճակում ազգաբնակչության գե­րակշիռ մասը մնում են անվանական քրիստոնյաներ, ովքեր հեռու են ավետա­րա­նա­կան արժեքների կենսագործումից (նման Բելառուսի նախագահ Լուկաշեն­կոյին, ով իր հավատացյալ լինելու մասին հարցին ի պատասխան` ասել էր. «Ես ուղղափառ աթեիստ եմ…»):
2) Այդքանից հետո առնվազն տարօրինակ է հնչում Շմավոն քահանայի խոսքը «Հ2»-ի նշված հաղորդման ժամանակ, թե հայերս գենետիկորեն ենք քրիս­տոնյա դառնում: Ի հավելումն սրա` Ավետարանի սպասավորն իր վրդովմունքն է հայտնում, թե Հայաստան եկող հոգևոր գործիչները նկատի պիտի առնեն, թե «ո՞ր երկրում են քրիստոնեություն տարածում»:
3) Այս կապակցությամբ ուզում եմ հայտնել երեք նկատառում.
ա) Արժանապատիվ հորը գերազանց հայտնի է, թե համաձայն Նոր կտակարանի ուսմունքի` մարդը երբեք գենետիկորեն քրիստոնյա չի դառնում (դրա մի ապացույցն է Մաթևոս 3.9,10-ի հատվածը. «Եվ մի' հավակնեք ասել… Աբրահամը մեր հայրն է… Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում է…»).
բ) Անկասկած, հայ ժողովուրդը մեծ առավելությունն է ունեցել` քրիստո­նեու­թյունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու, սակայն դարերի ընթաց­քում տեղի է ունենում անվերջ սերնդափոխություն, և Եկեղեցու առաքելությունն է մասնավորապես յուրաքանչյուր սերնդի համար հռչակել Ավետարանի քարոզությունը` ժամանակի մշակութային և հասարակական իրողություններին համապատասխան.
գ) Ինչ վերաբերում է արտասահմանյան քրիստոնյա սպասավորների գործու­նեությանը մեզանում, ապա Հայ Եկեղեցին կարող է մեր ժողովրդի համար շահեկան կերպով նրանց հետ համագործակցել:
3. Նոր զարթոնքի հավատով.
Եվ այնուամենայնիվ, նոր զարթոնքի լավատեսությամբ ուզում եմ հնչեցնել տերյանական կոչը.
«Նոր օր է բացվում ազգերի համար,-
Իմ հայրենիքում տիրում է գիշեր…
-Զարթե'ք, վե'ր ելեք կենդանի ուժեր: »
ա. Բարեխոսական աղոթքի կանգնելով.
1) Տարիներ առաջ Շմավոն քահանա Ղևոնդյանը «Շողակն Արարատյան» թերթում տպագրած «Օրհներգ սիրո» իր սքանչելի հոդվածում մեջբերում էր արել համակենտրոնացման մի ճամբարի քրիստոնյա տառապյալի աղոթքից, որով խնդրվում էր Բարձրյալից` դահիճների հատուցման ժամանակ հանցանքները հավասա­րակշռելու նրանց համար բարձրացված բարեխոսական աղոթքի նժարով:
Արժանապատիվ հոր լուսեղեն այս խորհուրդը բխում է բարեխոսության աստվածաշնչական վարդապետությունից, որի համաձայն Ինքնիշխան Աստվածն Իր բազուկը շարժում է` ի պատասխան բարեխոսական աղոթքների (Եզեկիելի մարգարեություն 22.30` «Նրանց միջից մի մարդ փնտրեցի, որ ուղիղ ընթանար, զայրույթիս պահին առջևս հոժարակամ կանգներ… »):
2) Աստված այսօր էլ է փնտրում բարեխոսների: Եվ պատահական չէ, որ ռուս քրիստոնյա-փիլիսոփան ասել է. եթե Երկրի վրա հնչեց Աստծու հարցումը եղբայրասպան Կայենին` «Ո՞ւր է քո Աբել եղբայրը», ապա Վերին ատյանում նաև արդար Աբելին կուղղվի նույն հարցումը` « Ո՞ւր է քո Կայեն եղբայրը»:
3) Այսօր ժամանակն է, որ ի հակառակ Եհովայի վկաների` քրիստոսադավան բոլոր գործիչներս, անկախ հարանվանական տարբերություններից, միասնաբար կարողանանք կանգնել բարեխոսական աղոթքի, որպեսզի կատարվի Եսայու մարգարեության 62.7-ը. «Ձեր նմանը չի լինի, երբ Նա վերստին ուղղի և Երուսաղեմը դարձնի պարծանք Երկրի վրա»:
բ. Աստծու սիրող սրտին մասնակից դառնալով.
1) Բարեխոսության պատասխանատվությունը մեր ստանձնելուց առաջ Աստված նախ` փնտրում է Իր հայրական սիրող սրտին հաղորդ առաջնորդների (Երեմիայի մարգա­րեություն 3.15` «Իմ սրտին հաճելի առաջնորդներ կտամ ձեզ. թող նրանք իմաստությամբ հովվություն անեն…»):
2) Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հետ միասին Ավետարանական ընտանիքի քարոզիչներս ունենք սիրո նույն աստվա­ծաշնչական տեսիլքը:
ա) Սակայն սիրո սուրբգրային բնութագրումն անբաժանելի է անձնազոհու­թյունից: Այդ է պատճառը, որ Մաթևոսի Ավետարանի 13-րդ գլխում Աստվածորդին պատկերված է որպես «արտում աշխատող մշակ», Ով մեր հավաքակա­նությունը խորհրդանշող թանկարժեք գանձը գտնելու համար Իր մարդեղությամբ և խաչի մահվամբ ողջ ունեցածն է «վաճառում»:
բ) Հետևաբար, Հովհաննու հայտնության 19-րդ գլխում հաղթանակած Հիսուս Քրիստոսի բոլոր պսակներից լավագույնը արքայական թագին փոխարինած խաչելության փշե պսակն է դառնում: Եվ սիրո գողգոթյան զոհաբերության խորխորատը փառաց ամենամեծ բարձունքին է վերածվում:
գ) Խաչյալ Հիսուսի սիրո մագնիսն, ահա, դարեր շարունակ միլիոնավորների է Իրեն ձգում: Անգամ Նապոլեոնն է ասել, թե ի հակառակ Կեսարի, Մակեդոնացու ու իրեն, որ իշխանությունը հիմնել են սրի վրա, Հիսուսինը սիրո վրա է հաստատվել: Սրի վրա հիմնված իշխանությունը շուտով դադարում է գործել, մինչդեռ Հիսուսի սիրո բանակի շարքերը մշտապես շարունակվում են համալրվել:
3) Այսպիսով, մեզ` հոգևոր դաշտի գործիչներիս, հրաժարվելով միմյանց օտարումից և մնալով երկրորդական հարցերում մեր ազատության մեջ (ինչի մասին դեռևս Օգոստինոս և Ներսես Շնորհալի հայրապետներն են ասել), մնում է արձագանքել մայր Թերեզայի հետևյալ ասույթին. «Բոլոր չարիքների արմատը էգոիզմն է, ամենանենգ զգացմունքը` ատելությունը, ամենալավ նվերը` ներելը, ամենալավ դեղը` օպտիմիզմը, ամենալավ բավականու­թյունը` պարտքի կատարումը, ամենահզոր ուժն աշխարհում` հավատքը, ամենամխիթարիչ պարգևը` հույսը, միակ ռեալականությունը` սերը»…
գ. Սիրո քաղաքակրթության դրոշը բարձրացնելով.
1) Թույլ տվեք կրկնել «Կրոն և հասարակություն» ամսագրի 5-րդ համարում զետեղված հոդվածիս հորդորը, թե Հայոց տանը հանդուրժողականության, սիրո և միավորման մթնոլորտ ստեղծելու նպատակով նախ` անհրաժեշտ է վերականգնել Քրիստոսի Եկեղեցու ամբողջական հաղորդակցութունն ու համագործակցութունը (Ի դեպ, ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռևս Արարատյան թեմը ղեկավարելիս մեզանում առաջինը վերապատվելի Ջամբազյան եղբայրների հետ միասին նախա­ձեռնեց էկումենիկ ժողով Երևանում)։
ա) Եկել է 1969թ. Վազգեն Ա հայրապետի ձեռնարկած մերձեցման և գործակ­ցության շարժումը շարունակելու, երկխոսությունը վերսկսելու, Կ.Պոլսի պատրիարք Մատթեոս Չուխաճյանի 1846թ. և հետագայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգավիճակում 1861թ. բանադրանք­ները վերցնելու ժամանակը (Նշենք, որ ամիսներ առաջ Կ.Պոլսի ներկայիս պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայկական մի հեռուստաալիքով խոսում էր Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների հետ գոյություն ունեցող ներկայիս բարեկամական հարաբերությունների մասին):
բ) Անհրաժեշտություն է առաջացել Հայաստանում ունենալու գոնե ԱՊՀ երկրների Քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեի անալոգը, որին Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողքին տարիներ ի վեր պատիվ են ունենում մասնակցելու նաև Ռուսաստանի Դաշնության Բողոքական Եկեղեցիների Միությունների Խորհրդի բոլոր չորս խոշորագույն միավորումների մեր ռուս գործընկերները (Իսկ Ուկրաինայում վաղուց գործում է Համաուկրաինական Եկեղեցիների Խորհուրդը):
Բերենք այսպիսի համագործակցության հասունացման օգտին խոսող մի քանի փաստարկներ.
(1) Այս տարի Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, ով կոչ էր արել` հասնելու միասնական Սուրբ հաղորդության մասնակցությանը, Պապական Ակադեմիայի ղեկավար է նշանակել Բողոքական նշանավոր գենետիկ գիտնական Արբեր Վերբերին.
(2) Կիրիլ պատրիարքը հայտարարել է, թե ԱՊՀ երկրների բողոքական եկեղեցիների հետ Ռուս Ուղղափառ եկեղեցին ունի շատ քրիստոնեական արժեքների ընդհանրություն և համագործակցություն.
(3) Դեռև 2005թ. Մայր Աթոռի դիվանապետը ՀՀ Վարչապետին առընթեր Կրոնի գործերի խորհրդին ուղղված իր նամակում նշել էր «Խղճի ազատության» օրենքի մեջ մասնավորապես հայ ավանդական եկեղեցիների հանգամանքն արտացոլելու մասին:
գ) Եկել է Սփյուռքում երեք ավանդական եկեղեցիների համագործակցությունը զորաց­նելու, մահմեդականացած հայերին ձեռք մեկնելու ժամանակը:
Վերջինիս առիթով նշենք, որ եթե Թուրքիայում նրանց դարձը քրիստոնեության Հայ Առաքելական Եկեղեցու ծոցում այսօր քաղաքական խնդիրներ է առաջացնում, ապա ավետարանականության մեջ այն տեղի է ունենում առանց սրության։
2) Նիկիա-Կոնստանդնուպոլսական հանգանակն ընդունող Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական Ընտանիքի եկեղեցիներն ունեն դավանաբանական-արժեհամակարգային լուրջ ընդհանրություն (ինչ վերաբերում է Եփեսոսի III տիեզերաժողովում Տիրամորն Աստվածածին կոչելուն` ապա դրանում արտացոլվել է Հիսուս Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային բնությունների միության ընդունված դրույթը):
Այնպես որ, հասարա­կական ոլորտներում հոգևոր արժեքների ներդրման նպատակով նրանց օրգանական-ռազմավարական համագործակցությունն այլընտ­րանք չունի այլևս:
ա) Ընդգծենք, որ աստվածաշնչական արժեհամակարգում առաջին տեղում մարդու աստվա­ծապատկեր արժեքն է դասվում: Դրան հետևում է նրա ներքին, բարոյա-հոգևոր գնահա­տականը և հետո միայն` շնորհները, դիրքը և կարողությունը:
բ) Մի առիթով հարցազրույցի ժամանակ ասել էի, թե ներկայումս Ավետարանական ընտանիքի շատ եկեղեցիներ համախմբված են այն գաղափարի շուրջ, որ մենք պիտի քարոզենք ոչ միայն Փրկության, այլ նաև` Արքայության Ավետարանը: Որովհետև Փրկության Ավետարանը գործ ունի անհատների հետ, մինչդեռ Արքայության Ավետարանի քարոզությունը քրիստոնեական արժեքները բերում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները:
2010թ. ապրիլի վերջին Երևանի Հայ Ավետարանական կենտրոնում տեղի ունեցավ «Կոչ բոլորին» շարժման մի համաժողով, որը քննարկում էր մասնավո­րապես ավետարանական արժեքների սոցիալականացման հարցը: Որպեսզի, ինչպես Լանդա Քոուփն է ասում, հոգևորը չզատենք նյութականից, փրկությունը` սոցիումից, հավիտենականը` ժամանակավորից, երկնայինը` երկրայինից, աստվածայինը` մարդկայինից:
գ) Այս առումով համառոտ նշենք հայեցակարգային մի քանի դրույթներ.
(1) Հասարակության բարոյական մթնոլորտի վերափոխման նպատակով այսօր անհրաժեշտ է սիրո ջերմության հաղորդումն ու կարեկից հոգատարության դրսևո­րու­մը, սոցիալական լարվածության մեղմումը և ներհասարակական համերաշխու­թյան ուղ­ղոր­դումը, այլադավանների հանդեպ հանդուրժողականությունը և բարե­գոր­ծական մասշտա­բային գործունեությունը, քաղաքացիական հասարակությունը բարու և արդարի վրա հիմնումը և սիրո թագավորության ընծայահեղման համար կյանքի իմաստի որոնումը.
(2) Եկեղեցին այսօր էլ իր կարևոր դերակատարությունն ունի ճշմարիտ սիրո վրա հիմնված ընտանիքի ինստիտուտի, մասնավորապես նորաստեղծ և բազմանդամ ընտանիքների պաշտպանության գործում.
(3) Քրիստոնեական արժեքներ կրողներս նաև կոչված ենք՝ ջատագովը լինելու մեր ոսկեղենիկ լեզվի, պահապանը` Հոգևոր Հայաստանի մշակութային հարուստ գանձերի, հաղթահարելու արտագաղթը, տերը դառնալու` մեր հող ու ջրի և ազգային այլ արժեքների.
(4) Անդրադառնալով մշակույթի բնագավառին հարկ է նշել, որ`
- կոչված ենք իրականացնել Արարաչի հանձնարարականը` երկրային բոլոր համակարգերը ի շահ մարդկության օպտիմալ արդյունավետության բերելու.
- միաժամանակ մերժելու ենք գիտության և տեխնիկայի նվաճումների օգտա­գոր­ծումը` անհատի ներաշխարհը վերահսկելու, մարդու գիտակցության և ենթա­գիտակ­ցության վրա ներազդելու և այլ նման նպատակների համար։ Այստեղից և հա­մանման հարցերից էլ բխում է գիտական հետազոտության և բարոյական արժեքների ու սկզբունքների անխզելի կապի անհրաժեշտությունը.
- արվեստի մեջ կրկին անհրաժեշտ է հոգեզրկությունից վերադառնալ դեպի գեղագիտական իդեալը, բնազդների բավարարումից` դեպի սիրո վեհ զգացմունքը, «ռեֆլեքսավորված ագրեգատի» վերածված մարդուց` դեպի Աստծու պատկերը, ավերումից` դեպի մեր գոյության իմաստն ու կեցության նպատակները.
(5) Կրթության ոլորտում պիտի կարևորենք`
- մշակութային ժառանգության պահպանման ու հարստացման գործում սերունդների համագործակցությունը.
- ոչ միայն անհատի լիարժեք և ներդաշնակ, ինտելեկտուալ զարգացումը, ինչպես նաև կրթության ու գիտելիքի կիրառումը, այլև` կրթության առաջադիմա­կանությունը՝ նշելով, որ այն պետք է ուղղորդված լինի մարդկանց ու ժողովուրդների, ռասայական, էթնիկ, կրոնական և սոցիալական խմբերի փոխըմբռնմանն ու համագործակցությանը, մերժելով բռնությունը, թշնամանքը, ատելությունն ու խտրա­կանությունը և ուղղորդելով դեպի մարդասիրությունը.
- օկուլտիզմի ու նոր հեթանոսության, հակաքրիստոնեական գաղափա­րա­խոսության կրթական համակարգ թափանցման դիմակայությունը:
Կրթական համակարգում մատերիալիս­տական աշխարհայացքի մենաշ­նոր­հի պայմաններում այսօր վերստին հրամայական անհրաժեշտություն է դարձել քրիստոնեական ապոլոգետիկայի շարժման լայնորեն տարածումը, որը պետք է վեր կանգնի հարանվանական անջատականությունից:
(6) Թեև՝ քրիստոնյաները տպագրության գյուտից հետո Աստվածաշնչի տպաքանակը ամենամեծն են դարձրել բոլոր մյուս հրատարակությունների համեմատությամբ, տպագրել են թերևս աշխարհում առաջին թերթը, ստեղծել առաջին լիամետրաժ ֆիլմը («Փրկության բանակի» կողմից), ռադիոհաղորդումներում գերակշիռ դիրք գրավել, սակայն հեռուստատեսության և ինտերնետի նկատմամբ կրավորական դիրք են բռնել՝ նրանց ապակառուցողական տեղեկատվության պատճառով։
Մինչդեռ, լրացնելով բաց թողածը, վաղուց անհրաժեշտ է գնալ հոգևոր-ճանաչողական-կիրառական առավել որակյալ հեռուստածրագրեր, կայք-էջեր և ֆիլմեր ստեղծելու ճանապարհով.
(7) Գործարարությունն անհրաժեշտ է դիտել ոչ միայն որպես եկամուտ վաստակելու միջոց, այլ մանավանդ` որպես արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, սրտի բարությունը դրսևո­րե­լու, հասարակության կարիքնե­րին բավարարություն տալու, աղքատության վերացման, այլոց աջակցելու, ազգային պարտքը վերացնելու հնարավորություն.
(8) Անդրադառնալով պետության հանդեպ նաև եկեղեցու պատասխա­նատվու­թյանը` դաս կարող ենք քաղել Գարեգին Ա կաթողիկոսի հետևյալ խոսքից. «…Որտեղ կա անարդա­րու­թյուն, բռնություն, խտրակա­նություն, Եկեղեցին չպետք է շեղվի իր կոչումից, պնդելով, թե դա… չի վերաբերում հոգևոր ոլորտին»։
Ռ. Պապայանն իր «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» գրքում գրել է, թե մարդու արժանապատվության ցանկացած ոտնահարում վերաբերում է հոգևոր ոլորտին:
Հետևաբար Եկեղեցին կոչված է քաջալերելու` սոցիալական արդարությանը միտված կառավարության գործունեությունը:
Այնուամենայնիվ, Եկեղեցու միասնականությանն անհրաժեշտ է գումարել ազգային զարթոնքի յուրօրինակ մի համահավաքի ստեղծումը , որտեղ ի մի պիտի գանք մտահոգ բոլոր հայրենակիցներս :
3) Ձեր թույլտվությամբ հոդվածն ուզում եմ ավարտել մեծն հավատավոր և բանաստեղծ Վահան Տերյանի չքնաղ տողերով.
ա) Իր հավատքի դավանության մասին անգամ խորհրդային ամբողջատիրական տարիներին. «Բարի կուռքերն են մեզ շրջապատում,
Կենդանի Աստված, ես Քեզ եմ կանչում,
Ինձ Քո կարոտն է անդադար տանջում,
Բարի կուռքերին ես չեմ հավատում»:
բ) Հայրենիքի հանդեպ իր սիրո, տեսիլքի և հույսի մասին.
«Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերստին սրերին սուրսայր…»:

«Մշուշի միջից,- տեսի~լ դյութական,-
բացվում է կրկին Նաիրին տրտում…»:

«Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ, լուսավոր»:
գ) Վերականգնման իր խանդավառ հավատի մասին.
«Արևելքը ալ քող նետեց ուսերին,
Լույսը վառեց կատարները լեռների,
Մնաս բարով ասենք մենք էլ գիշերին,
Ալ շողերը տանենք ներքև - թող վառի…
Ե'լ, իմ եղբայր, արշալույսի շողի հետ
Ճամփա ընկնենք լույսի երգով կենսավառ…»:

Եկե'ք արձագանքենք մեծ հայորդու հույսի, հավատի և սիրո օրհներգին` Հայրենիքի հավիտենական երթին մեր ամբողջական նվիրումը բերելով:

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.