Սովետական իշխանության տարիներին երեխաների մեծամասնությունը չուներ խաղալիքների տեսականի ունենալու հնարավորություն՝ ի տարբերություն այսօրվա սերունդի: Սահմանափակված լինելով դրա մեջ, երեխաները հնարամտորեն գտնում էին ելք, այդ պահանջը բավարարելու համար, օրինակ՝ լուցկու տուփերի տեսականի, կամ նամականիշներ հավաքելու զբաղմունք: Հիշում եմ, մեր բակի հարեւանությամբ գործում էր գարեջրի գործարանը, որտեղից հնարամտորեն ձեռք էինք բերում գարեջրի շշին փակցվող տեսակ տեսակ պիտակներ, դրանք տեսակավորում էինք եւ բակից բակ գնալով փոխանակում կամ էլ դրանցով խաղ էինք խաղում:
Այո, անցնում են տարիները, փոխվում են ժամանակները, փոխվում են նաեվ զբաղմունքներն ու խաղերը, սակայն կա մի թերություն, որը մինչեւ այսօր մնացել է անփոփոխ՝ դա սովետական դաստիարակությունը ստացած մարդն է:
Նրանք, ում ես ի նկատի ունեմ, ունեն արմատացած, կարծրացած սովորություն իրենց բնավորության մեջ, նրանք չեն կարող հետ վարժվել պիտակներ հավաքելու իրենց մանկական սովորությունից: Դա հետապնդում է նրանց՝ իրենց ամբողջ կյանքում: Նրանք այլեվս չեն խաղում մանկական խաղեր, այլ խաղերը դառնում են ավելի մեծական եւ վտանգավոր: Դրանից կամ շահում են, կամ կորցնում:
Ժամանակի հետ զուգընթաց փոխվեցին նաեւ պիտակները, դարձան ավելի գունեղ ավելի գրավիչ, բազմացավ նրանց տեսականին: Հները կարծես մղվեցին հետին պլան եվ միայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս՝ հիշեցնելով իրենց մասին այն մեծացած սերունդին, նրանց մեջ արթնացնելով հիշողություններ: Հիշողություններ, որոնք անցանկալի են, քանի որ ներկայիս դիրքի ու պաշտոնի մեջ դրանք ամոթալի են թվում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում, միտումնավոր կերպով կատարվում է տեսակավորում: Գունագեղ պիտակները փոխարինվել են սեվ եվ սպիտակ գույներով, իսկ գովազդը փոխարինվել է օտարամուտ PR հասկացողությամբ:
Հասարակությունը տեսակավորվում է անխնայաբար՝ մերոնցականների ու ձերոնցականների, Էսինչյանների կամ էնինչյանների, կուսակցականների-անկուսակցականների, հավատացյալների՝ անհավատների, առաքելականների կամ աղանդավորականների, երկնագույնների կամ վարդագույնների, համասեռամոլների, աննամուսների ու նամուսովների, գողերի ու ազնիվ գողերի, հայաստանցիների ու ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ (չպետք է մոռանանք նրանց հարգանքի տուրք մատուցելը) , սփյուռքի կամ էլ բարերարի, եւ այս ցուցակը կարելի է շարունակել եվ դարձնել հումորային սցենար՝ 32 ատամ ակումբի տղաների համար:
Դե իհարկե սա կարելի էր հեգնանք համարել, կամ էլ կատակ, եթե սրա տակ թաքնված չլիներ վտանգավոր մի պայթուցիկ, որը կարող է հօդս ցնդեցնել առանց այն էլ մի կերպ կարկատան արած Հայաստանը: Հաշվի առնելով, որ մեր երկիրը շրջապատված է մեր նկատմամբ ագրեսիվ տրամադրված պետություններով, որոնցից մի քանիսը մեզ դարձրել են մաղարիչ՝ իրար հետ փոխհարաբերությունները կարգավորելու եւ իրենց շահերը պաշտպանելու հարցում, ապա տեսակավորման եւ պիտակավորման սցենարը Հայաստանին դարձնում է ինքնաոչնչացման մեխանիզմ, որով ոչնչացվում է առկա խնդիրը: Չկա պետությունը, չկա նաեւ խնդիր: Առավել եւս, որ մենք պահանջներ ունենք գրեթե բոլոր հարեւաններից՝ Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից:
Մեծերից մեկն ասել է. «Պատմությունը ունի մի թերություն՝ նա կրկնվում է»:
Դե, եթե անրադառնանք մեր պատմությանը, ապա կտեսնենք, որ մենք միշտ էլ ունեցել ենք համախմբվելու խնդիր: Այսօրվա խնդիրները մեզ կանգնեցնում են գոյատեվելու փաստի առջեվ: Համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու բանալին միասնականության մեջ է եւ այստեղ հարկավոր է մեր պետական այրերին հասկանալ, որ իրենց շահերից չի բխում «բաժանիր որ տիրանաս » սկզբունքը, քանի որ կործանման դեպքում իրենք իսկ կլինեն առաջին տուժողները: Դե առնետները առաջինն են լքում խորտակվող նավը, սակայն ինձ միշտ էլ զարմացրել է դրա վերջը, քանի որ նավից փախնելով միեվնույնն է նրանք հայտնվում են ջրում: Խեղդվելը միայն դառնում է ժամանակի խնդիր:
Ժողովուրդը իմաստուն է, եւ չպետք է կարծել, թե նրանց լռությունը համաձայնություն է կամ ավելին՝ հավանություն է ներկայիս օլիգարխիկ իշխանության երես առած մանկան կամակոր պահվածքին: Ինքնագոյատեւման բնազդը կարող է նրան սթափեցնել, միաբանել: Ասում եք «Հայաստանը դու ես», դե եթե ես եմ եւ ինձ նմանները, ապա ես իմ վրայից քերում եմ ձեր տիզերին, արյուն ծծող, թույն ներարկող պարազիտներին:
Ասածս չի լինի նորություն, ուղղակի եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ ներքաղաքական, ինչպես նաեւ հոգեվոր (կրոնական) մթնոլորտը շիկացած է եւ պայթունավտանգ: Ժողովրդին հասցնում էք պարանոյաի աստիճանի:
Ես չէի ցանկանա, որպեսզի այս լարվածության բեռնաթափումը իրագործվեր արյունահեղ սցենարով՝ քաղաքացիական պատերազմով կամ Բարդուղիմեոսյան գիշերվա հայկական կրկնությամբ:
Ես ունեմ երազանք եւ ցանկանում եմ որ դա իրականանա, չեմ ուզում նմանվել իմ հայրենակիցներին, ովքեր հեռացան գլխիկոր, կոտրված, մերժված, հուսախաբված, օտար ափերում հայրենիք գտնելու երազանքով:
Մի կտոր հող է մնացել ու Կտոր մը երկինք, մի բուռ ժողովրդից մնաց կես բուռ: Էս կեսն էլ որ իրար կերավ ու սպառվեց՝ վերջ, վերջ մի կտորներին:
Շրջեք մեր հայրենիքի ավաններում, գյուղերում, քաղաքներում, նայեք մարդկանց դեմքերին: Նրանց հայացքում դուք կկարդաք հիասթափություն, հոգս, մտահոգություն: Անրադարձեք նրանց խնդիրներին, կարիքներին: Մտածեք, թե ինչպես նրանց օգնեք, աջակցեք, քաջալերեք, հետ վերադարձրեք նրանց հավատքը մեր երկրի նկատմամբ, դարձի եկեք ձեր ընթացքից, մտածեք թե ինչպես արժանանաք նրանց սիրուն, ինչպես նրանց հույս տաք ապագայի նկատմամբ, որ հավատան ձեզ, հավատան ապագային, հավատան Աստծուն:
«Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվին եվ աղոթք անեն եվ իմ երեսը խնդրեն եվ իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքից եվ կներեմ նրանց մեղքը եվ կբժշկեմ նրանց երկիրը»: Գիրք Բ.Մնացորդաց 7:14հ.
Վեր. Հովիվ Մամիկոն Համբարյան
|
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.